
2025թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսության նպատակով կթույլատրվի որսալ կարմրախայտ, ծիածանախայտ ֆորել, կովկասյան թեփուղ, սպիտակ ամուր, սև ամուր, կուրի կողակ, կուրի բեղաձուկ, ճանար, ծածան, սպիտակ հաստաճակատ, խայտաբղետ հաստաճակատ, արծաթափայլ կարաս, մուրծա, բրամ, լոքո և խեցգետին, բացառությամբ ձվադրման և բազմացման ժամանակահատվածի:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանատեսակները և դրանց չափաքանակների սահմանման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2024 թվականի նոյեմբերի 22-ի N2459-368 գրությամբ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված առաջարկությունները:
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանատեսակները և դրանց չափաքանակները։
2025 թվականի հունվարի 1-ից սիրողական ձկնորսության և սիրողական որսորդության նպատակով հայտերի ընդունումն ու պայմանագրերի կնքումն իրականացվելու է «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (www.nature.gov.am) համակարգի միջոցով։»
Ձկնոսությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող քաղաքացիներին ՇՄ նախարարությունը հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, խստիվ հետևել կենդանատեսակների ձվադրման և բազմացման ժամակաշրջանով պայմանավորված արգելքներին:

